ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, և Ծաղկաձորի քաղաքապետարանը սիրով ներկայացնում են Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որը տեղի կունենա Ծաղկաձորում 2017թ-ի հուլիսի 22-26-ը:

Մնջախաղը թատրոնի յուրահատուկ, բացառիկ ժանրերից է, որը հասկանալի է բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնից: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է համաշխարհային մնջախաղի լավագույն նմուշները հասանելի դարձնել հայաստանյան հանրությանը, ինչպես նաև խթանել հայաստանյան մնջախաղի թատերախմբերն՝ ինտեգրվելու համաշխարհային թատերական, մշակութային գործընթացներին և առաջարկել զբոսաշրջության նոր մոտեցումներ:

Ծաղկաձորը, որտեղ անցկացվում է փառատոնը, ծովի մակարդակից 1845մ բարձրության վրա գտնվող լեռնապատ ժամանակակից հանգստավայր է: Ծաղկաձորն իր անվանումը ստացել է շնորհիվ բազմաթիվ երփներանգ ծաղիկների, որ աճում են կանաչ մարգագետիններում՝ ստեղծելով իսկական դրախտ, որտեղ ամռանը զով է, ձմռանը՝ հաճելի:

Սիրով տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից ընդունում ենք հայտեր կատարողական արվեստ ներկայացնող խմբերի և անհատ արտիստների կողմից՝ ներկայացնելու մնջախաղ, փողոցի թատրոն, ֆիզիկական թատրոն, հրե շոու, ձեռնածություն, դրամատիկ պարեր և մնջախաղի արվեստի այլ դրսևորումներ: Կենսուրախ 5 օրերի ընթացքում աշխարհի լավագույն թատերական խմբերը կհավաքվեն ներկայացնելու մնջախաղի արվեստի հրաշքները ցերեկային ժամերին փողոցում, իսկ երեկոյան ժամերին բացօթյա բեմում: Կազմակերպվում են նաև ֆորումներ, թատերական սեմինարներ, վարպետության դասընթացներ և փառատոնի ակումբ:

Եթե Դուք հետաքրքրված եք մեր Փառատոնով, խնդրում ենք ծանոթացեք գրանցման կանոններին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թ.-ի մայիսի 16-ն է:

Սպասում ենք Ձեզ մեր Փառատոնին: